Լրահոս

25.04.2012 17:50


Բրյուսովում կրքերը չեն մարում

Բրյուսովում կրքերը չեն մարում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 23.04.2012թ. 61-Ա1 հրամանով «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը։

Ուսանողներն «Ազատ, արդար Բրյուսով», «Չկա Զոլյան, չկանք մենք», «Վերադարձնելով Զոլյանին՝ կվերադարձնեք արդարությունը», «Չենք հանձնվի», «Մենք բոլորս Զոլյան ենք», «Պարո՛ն Զոլյան, Բրյուսովը Ձեր հետ է» «Չե՛նք հանդուրժելու» և այլ կարգախոսներով շարժվել են Կառավարության շենք՝ պահանջելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատված   Սուրեն Զոլյանի վերադարձը: 

Ուսանողներին լսել է Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով ասել է, որ վարչապետն արդեն մեկ անգամ ընդունել է ուսանողներին, տեղյակ է նրանց պահանջներին: Նրանց առաջարկվել է դատարանում բողոքարկել ԿԳ նախարարի որոշումը։ Ի պատասխան՝ ուսանողները հայտարարել են, որ վաղվանից դասադուլ են սկսում։

Ի դեպ, բուհի պաշտոնական կայքը դեռ չի թարմացվել, և բոլոր բաժիններում շարունակում է որպես ռեկտոր նշվել Սուրեն Զոլյանը: Իսկ պաշտոնական կայքի գլխավոր բաժնում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է. «ԵՊԼՀ-ի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված՝ բուհի ռեկտոր Ս.Զոլյանը բազմաթիվ նամակներ է ստանում գործընկեր համալսարաններից և միջազգային այլ կառույցներից: Վերջիններս իրենց մտահոգություններն են արտահայտում, աջակցություն առաջարկում այս ամենի վերաբերյալ և հույս հայտնում, որ հանձին ռեկտոր Ս.Զոլյանի՝ միջազգային մակարդակով առաջիկայում ԵՊԼՀ-ի հետ համատեղ նախատեսվող գիտակրթական ծրագրերը չեն խափանվի»:

 

Այս խորագրի վերջին նյութերը